Հովհաննես Երանյան
Հովհաննես Երանյան

Հայ արձակագիր Հովհաննես Երանյանի ստեղծագործություններում համադրվում են սեփական կենսափորձը, պատմական հիշողությունն ու ժամանակակից մարդու ներաշխարհի նուրբ հոգեբանական դիտարկումները։ Նրա արձակն աչքի է ընկնում գերիրապաշտական և անդրանցումային մոգականության ներդաշնակմամբ։

Հեղինակի մասին

Հովհաննես Երանյանը հայ արձակագիր, լրագրող, հեռուստահաղորդավար և սցենարիստ է։ Սովորել է Էջմիածնի ակումբագրադարանային տեխնիկումի ռեժիսորական բաժնում, ապա ավարտել Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատերագիտության բաժինը։

Ստեղծագործական գործունեության արգասիքը 11 արձակ ժողովածուներն ու վեպերն են՝ «Միակ ոտնահետք», «Զինադադար», «Մարդահամար», «Ամենագեղեցիկ հարվածը», «Ողորմություն Ֆրոսյային», «Այլ ոտնահետքեր», «Մեղքի պարան», «Մահացու հյուրախաղ», «Ապոկալիպսիսի հրեշտակները», «Արչի» և «Բրուտի երկրորդ աշակերտը»։ Երանյանի վերջին գիրքը հեքիաթ-վիպակ է և կոչվում է «Ռեփերը, դաշնակահարն ու ֆուտբոլը»։

Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն, իսպաներեն, ռուսերեն, ռումիներեն, պարսկերեն, վրացերեն, արաբերեն և այլ լեզուներով։ «Կույրերը» պիեսը պարսկերեն առանձին գրքով հրատարակվել և բեմադրվել է պարսկական թատրոններից մեկում, իսկ 2016 թվականին Արգենտինայում իսպաներեն լույս տեսած պատմվածքների հիման վրա Բուենոս Այրեսի «Արդարություն» թատրոնում բեմադրվել է «Սպասելու մեկ դար ունեմ» ներկայացումը։

Պարսկերեն է թարգմանվել և հրատարակվել նաև Երանյանի վերջին՝ «Արչի» վեպը։

Նա հեղինակել է նաև հայ մշակույթի և գրականության վերաբերյալ շուրջ 200 փաստագրական ֆիլմ ու հաղորդում, գրել թատերագիտական, գրականագիտական բազմաթիվ հոդվածներ ու գրախոսականներ հայաստանյան մամուլում։

1990 թվականից աշխատել է տպագիր մամուլում և հեռուստատեսությունում՝ «Ծիր կաթին», «Հայաստանի Հանրապետություն», «Երկիր», «Արմիոն», Հանրային հեռուստաընկերություն, «ԱՐ», Yerevan Today, «Շողակաթ»։